2019թ. ապրիլի 20-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղում՝ Դամալայում, տեղի է ունենալու Վրաստանում 3-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը և «Դամալայի օր» տոնախմբությունը:

Բացման արարողությանը ներկա են լինելու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը Սոս Սահակյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր և լաբորատորիայի սաներ:

Օրակարգ․

Ժամը 11:00 - Սուրբ Պատարագ Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցում

ժամը 13:00 - «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողություն

ժամը 14:00 - Դամալա գյուղի պարարվեստի կենտրոնի բացման արարողություն

ժամը 14:30 - Համերգային ծրագիր

ժամը 15:30 - Հյուրասիրություն

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան հնարավորություն է տալիս դպրոցականներին անվճար հիմունքներով սովորել ինժեներություն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև մասնակցել մասնագիտական մրցույթների, տեխնոլոգիական ճամբարների, ծանոթանալ Հայաստանի ու Ջավախքի մյուս դպրոցականների հետ, փոխանակվել գիտելիքով ու փորձով և նորարար գաղափարներ իրագործել: