Վերջերս հայտնի էր դարձել մի առվակի պատմություն, որը հոսում էր Սպանդարյան 4-րդ նրբանցքի բնակելի տների կողքով՝ բնակիչներին պատճառելով մի շարք անհարմարություններ:

Kapan.in-ը ուսումնասիրել է խնդիրը և սկսել տարատեսակ հարցումներ կատարել պատկան մարմիններին:

Բնապահպանության նախարարությունից պատասխանել են, որ առվակը սկիզբ է առնում Կապանի ԼՀԿ-ի կողմից նախկինում շահագործվող Լենհանքերի՝ Կենտրոնական հանքավայրի տարածքից, Կավարտ թաղամասի Բաց հանքից: Հանքաջրերը Կենտրոնական հանքավայրի հին տրանսպորտային հանքուղով և Կապանի ԼՀԿ-ի գործող արտադրական տարածքից դուրս գալով հոսում են դեռևս խորհրդային ժամանակահատվածի 60-ական թթ-ին կառուցված մոտ 300 մետր բաց ջրանցքով, որն էլ անցնում է մարդկանց բնակելի տների մերձակայքով: Ի սկզբանե այն նախատեսված է եղել հանքաջրերի և արտադրական կեղտաջրերի հեռացման համար:

Պատասխանատուների մասին տեղեկություններ են ստացվել արդեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:

Նախարարությունից տեղեկացրել են, որ Լենհանքերի՝ Կենտրոնական հանքավայրի տարածքը, Կավարտ թաղամասի Բաց հանքը, որտեղից հոսում է առվակը, կոնսերվացված է ՀՀ կառավարության «Լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման մասին» 2005թ-ի մարտի 31-ի թիվ 485-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան և նախարարի 2009թ. մարտի 27-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը տրամադրվել է Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասից հրաժարման հավաստագիր վերջինիս դիմումի հիման վրա:

Ստացվում է, որ այս առվակի պատասխանատուն փաստացի համարվում է ՀՀ-ը, իսկ հանքարդյունաբերողները որևէ պատասխանատվություն չունեն: