«ԳԱՋ» ՓԲ ընկերության աշխատակազմը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արարատ ցեմենտի վերջին ժամանակներս կատարած քայլերին և դրանց նպատակներին՝ «Քաղաքական մանիպուլյացիաներ ցեմենտի աշխարհի համար» վերնագրով։

«Սկզբում Արարատցեմենտը պայքարում էր ցեմենտի ներմուծման դեմ, իսկ հիմա ձգտում է ավելիին. պայքարում է, որ տուրք սահմանվի նաև հումքի համար, դրանով իսկ պայքարում է նաև իր մրցակից տեղական այլ արտադրողների դեմ: Կարծում ենք, որ յուրաքանչյուր անաչառ դիտորդի համար պարզ է, որ Արարատցեմենտ ընկերության կողմից այս օրերին արված հայտարարությունները ու կատաղի պայքարը հետապնդում են մեկ նպատակ. քաղաքական ու տնտեսական շանտաժի միջոցով հասնել նրան, որ շուկայում Արարատցեմենտը չունենա մրցակիցներ:

Արարատցեմենտը չի պայքարում ցեմենտի տեղական արտադրությունը զարգացնելու համար, այլ իրականում պայքարում է այնպիսի իրավակարգավորումների հասնելու համար, որը ձեռնտու կլինի միայն իրենց ընկերությանը: Համոզված ենք, որ սրանք չեն այն նպատակները, որոնք դրվել են ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանող օրենքի նախագծի հիմքում: Համոզված ենք, որ այդպիսի նպատակները չեն բխում ՀՀ ժողովրդի շահերից:

Անընդունելի է, որ ընկերությունը, որը գերիշխող դիրք ունի ցեմենտի շուկայում, ամեն գնով, այլ ընկերության օրինական շահերի ոտնահարման և պետությունից միայն իրեն պաշտպանող պետական քաղաքականություն ակնկալելու միջոցով փորձում է հասնել մոնոպոլ դիրքերի:

Մեր ընկերությունը չափազանց բարձր է գնահատում տեղական արտադրողներին պաշտպանելու և աջակցելու պետության ներկայիս պատրաստակամությունը և հուսով ենք քննարկվող օրենքների նախագծերը կընդունվեն: Արարատի ցեմենտի գործարանը, ինչպես նաև մյուս արտադրողները, այդ թվում՝ մեր գործարանը, հավանական է կփակվեն ժամանակի ընթացքում, եթե այս օրենքները չընդունվեն: Այս իրավիճակում ողջունելի կլիներ խնդրի շուրջ տեղական ցեմենտ արտադրողների համատեղ քննարկումները, ցեմենտի արտադրության զարգացմանն ուղղված համատեղ առաջարկների մշակումները: Սակայն դրա փոխարեն մեկ ընկերության կողմից կատարվում են մեկ այլ` անհամեմատ ավելի փոքր ընկերությանը ոչնչացնելու փորձեր: Այս իրավիճակում չափազանց մեծ է պետության դերը և համոզված ենք, որ կընդունվի օրենք ՀՀ տնտեսական շահերը հաշվի առնելով, այլ ոչ թե կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի:

Չնայած մեզ երբևէ առաջարկ չի արվել, սակայն մեր ընկերությունը պատրաստ է բանակցել Արարատցեմենտ ընկերության հետ կլինկերը Իրանից ներմուծելու փոխարեն իրենից ձեռք բերելու համար: Ընդ որում, համոզված ենք, որ Արարատցեմենտը իր տնտեսական շահերը հաշվի առնելով հանդերձ, իր կլինկերի համար կարող է ավելի ցածր գին առաջարկել մեզ, քան մենք վճարում ենք կլինկերի, դրա մաքսազերծման ու փոխադրման համար միասին: Սակայն պարզ է, որ այդպիսի բանակցությունները կարող են առարկայական լինել միայն այն իրավիճակում, երբ օրենքը այս տեսքով կընդունվի և բաց կմնան կլինկերի ներմուծման ճանապարհները:

Չցանկանալով խնդիրը անհատականացնել, այնուամենայնիվ նշենք, որ մեր գործարանի 120 աշխատակիցներն էլ են մարդ, նրանք էլ են ցանկանում աշխատել, ապրել և չեն ցանկանում ինչ որ մանիպուլյացիաների զոհ դառնալ…

Մենք նույնպես բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մեր գործարան՝ ներկայացնելու արտադրական ամբողջ պրոցեսը, որից հետո վերջապես կպարզվի մենք արտադրական պրոցես իրականացնող ենք, թե ընդամենը կլինկեր «աղացող», ինչպես որ փորձում են մեզ ներկայացնել»։