Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից առաջ, ընտրությունների քարոզարշավի ժամանակ, մարտի 14-ին, Թուրքիայի «Շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության» նախարարությունը հայտարարել էր, որ պատրաստվում են վերականգնել Դիարբեքիրի Սուբ Կիրակոս եկեղեցին: Այս նախարարության ենթակայության տակ գնտվող հիմնադրամի նախագահը հայտարարել էր, որ արդեն կա ֆինանսավորում երկու պատմական եկեղեցիների ՝ Սուրբ Կիրակոսի և Մար Պետյունի, վերակառուցման համար, որոնք զգալիորեն վնասվել էին չորս տարի առաջ Դիարբեքիում թուրքական զինուժի և PKK-ի բախումների ժամանակ: Նախարարության հիմնադրամը նույնիսկ ֆինանսավորման չափն էր ասել, 15 մլն թուրքական լիրա, կամ 2.75 մլն դոլար: Սակայն այսօր, երբ արդեն Դիարբեքիրի նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքապետի հավաստագիրը, վերոնշյալ նախարարության կայքից անհայտացավ եկեղեցիների վերականգման մասին լուրը: Դիարբեքիրում խոսում են, որ նախապես, ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ իշխող AKP-ի ներկայացուցիչները ուղիղ ասել են, որ եկեղեցիները կվերակառուցվեն միայն AKP-ի հաղթանակից հետո, սակայն հաղթեց HDP-ից քուրդ թեկնածուն:

Պետք է ասեմ, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքում ամենամեծ տարածք զբաղեցնող հայկական եկեղեցին է, ավելի քան 3000 մետր քառակուսի տարածքով»: