Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղվա կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» հարցը, որով կառավարությունը թույլ է տալու Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով։

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս (փաստագրական տվյալները կցվում են):

Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով»: