Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունը կխստացվի. դրա համար կսահմանվի ազատազրկում 7-12 տարի ժամկետով` նախկին 4-8 տարվա փոխարեն:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծում նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կարևորվել է բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների դեմ պայքարում բազմաբնակարան շենքերի, հատկապես՝ դրանց մուտքերի՝ հատուկ փականներով դռներով ու տեսագրող սարքերով կահավորման գործընթացի ապահովումը:

Նշվում է, որ 2018թ-ին էականորեն աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը: Աճը կազմել է 1453 դեպք կամ 19.5%:

2019թ-ի առաջին երկու ամսում գրանցվել է ավազակության 15 դեպք, որը 66.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ավազակությունների թվից, կողոպուտի դեպքերն աճել են 18.2%-ով, գողության՝ 60.5%-ով, այդ թվում՝ բնակարանային գողության դեպքերը՝ 37%-ով:

Ակնկալվում է նվազեցնել բնակարանային հափշտակությունների, այդ թվում՝ կրկնահանցագործությունների թիվը, նպաստել մարդկանց բնակարանի անձեռնմխելիության իրավունքի, ինչպես նաև գույքային իրավունքների պաշտպանությանը: