Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս, գրում է Էրմենիհաբեր-ը:

Դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400 հազար թուրքական լիրա (շուրջ 4,2 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին։

Գեդիք փաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք - չորս ամիս կտևի։