«Սև ՋՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Վ. Գևորգյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե ինչպես Հայաստանում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Բաց նամակում ասված է.

«Ոգեշնչված վերջին իրողություններով, երկու երիտասարդ գործընկերներով որոշեցինք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ելնելով գտնվելու վայրից և խորհրդակցելով տարբեր արհեստավարժ մասնագետների հետ որոշեցինք ձեռնարկել Արզնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում և այն արտահանել այլ երկրներ:

Այս գործունեության տեսակն ընտրելու հիմնավորումները հետևյալն են.

- որպես արտադրամաս կօգտագործվեր «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի նախկին լվացքատան չշահագործվող տարածքը.
- կօգտագործվեր նաև արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարը, որով «Արզնի առողջարանն» իր ըմպելասրահի համար Արզնի ածխաթթվային հանքային ջուր է ստանում.
- ներկայումս Հայաստանում այս հայտնի ածխաթթվային հանքային ջրի շշալցում չի իրականացվում:
- մենք ոչ մի վնաս չենք պատճառում գործող առողջարաններին և այլ գործող կառույցներին, քանզի վայրկյանում 7լ ջուր դուրս եկող հանքավայրից մենք վերցնելու էինք ընդամենը 0,5լ:

Փաստորեն բնությանը չվնասելով, ոչինչ չփոխելով «միայն 70 մետր խողովակաշարի միացում» մեզ անհրաժեշտ էր միայն հանքային ջրի արդյունահանման թույլտվություն ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, որին մենք դիմեցինք 2018թ-ի հունիսին: Օրենքով սահմանված կարգով սեպտեմբերի 19-ին մեր հաշվետվությունը ուղարկվում է Բնապահպանության նախարարություն, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը փորձաքննական գնահատելու և եզրակացություն տալու համար:

Գործընթացը հարթ էր, մեր կողմից պատշաճ կերպով ներկայացվել էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անցկացվել էին բոլոր հանրային լսումները: Այս ամենի մասին վկայում է չորրորդ՝ վերջին հանրային լսման ժամանակ Բնապահպանության նախարարության փորձագետի դրական ելույթը, որում նա հաստատում է սահուն գործընթացի մասին և բնությանը վնաս չհասցնելու փաստը, չի նշում որևէ թերություն կամ խնդիր:

Այնինչ Բնապահպանության նախարարության կողմից 29.01.2019թ. ստացանք Պետական փորձաքննական բացասական եզրակացություն, որի հիմքում դրված էր դեռևս 2017թ-ին արտոնագիրը կորցրած «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ստացված գրությունը, որտեղ կարծես թե հրամայվում է Բնապահպանության նախարարին.- «Մերժել «Սև ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանրային լսումների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել փորձաքննությունը, քանի որ նրանք չունեն բավարար հիմքեր այնտեղ գործունեություն իրականացնելու համար»:

Բնապահպանության նախարարությունը այն ստանալով անմիջապես «մերժում է» մեր գործունեությունը՝ կայացնում է բացասական եզրակացություն: Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն էլ հիմք վերցնելով բացասական եզրակացությունը 07.03.2019թ-ի գրությամբ մերժում է մեր հայտը:

Հարկ եմ համարում նշել, որ մենք արդեն իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից վերցրել ենք 100 մլն դրամ վարկ, պատվիրել սարքավորումներ Չինաստանից և կատարել ներդրում շինարարական աշխատանքների համար, հենվելով դրական նախընտրական փուլի, հարթ գործընթացի և անվնաս բնապահպանական գործունեության վրա: Մյուս կողմից արտադրամաս ծառայող շինության վրա մեր կողմից արդեն կատարվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Մեծարգո պարոն Վարչապետ՝ Բնապահպանության նախարարությունում մեզ «բարեկամաբար» ասացին, որ դրական եզրակացություն ստանալու համար մեզ պետք է Արզնի հանքային ջուր նախկինում արդյունահանող և արտոնագիրը կորցրած «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊԸ-ի հետ «լեզու» գտնել, իսկ դա այն ընկերությունն է, որը Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ունենալով նրանց մեծ աջակցությունը, կարողանում էր ցանկացած հարց լուծել ի նպաստ իրեն: Բնականաբար մենք նրանց հետ «լեզու» գտնելու ցանկություն չունենք և ցանականում ենք օրինական ճանապարհով հարթել մեր ուղին:

Այս ամենի և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից այլ օրինախախտումների մասին մենք պատրաստ ենք լիարժեք տեղեկատվություն ներկայացնել Ձեր կողմից լիազորված ներկայացուցչին:

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր արձագանքին և միջամտությանը արդարությունը վերականգնելու համար»։