Խորոշ վարկային պատմությունը պետական կամ համայնքային պաշտոնյայի դեպքում ռիսկ է: Պատճառն այն է, որ օրինակ, համայնքի ղեկավարը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Եվ հարց է առաջանում, ինչպե՞ս է փակելու վարկերը և ինչ միջոցներով: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը 2018թ. խոշոր վարկեր է վերցրել, որը մի քանի անգամ գերազանցում է տարեկան եկամտի չափը: Ինչպես պարզվում է Ա. Սանթրոսյանի գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերից, նրա միակ եկամուտը քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, այլ գործունեությունից եկամուտ չունի:

Դիլիջանի համայնքապետի 2018թ-ի հայտարարագրի համաձայն՝ 4 աղբյուրից ստացված փոխառությունները (վարկ) կազմել են 83.000 դոլար, 10.000 եվրո և 3 մլն 500 հազար դրամ: Եթե այսօրվա փոխարժեքով այն վերածենք դրամի, ստացվում է ընդհանուրը մոտ 49 մլն դրամ վարկ: Իսկ 2018թ. տարում նրա տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 217 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017-ին դարձյալ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4 մլն 659 հազար դրամ:

Արմեն Սանթրոսյանը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 2 մլն դրամ, 4 հազար դոլար և 1000 եվրո: Պարզվում է, որ 2018թ-ին համայնքապետի ունեցած դրամական միջոցները նվազել են, քանի որ 2017թ-ին ունեցել էր 6 մլն դրամ, 12 հազար դոլար և 5 հազար եվրո:

Համայնքապետի կինը՝ Նունե Սմբատյանը դարձյալ եկամուտ է ստանում միայն աշխատավարձի տեսքով: 2018թ-ին այն կազմել է 2 մլն 709 հազար դրամ: Իսկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ, 5 հազար դոլար և 2 հազար եվրո: Նունե Սմբատյանի դրամական միջոցները ևս նվազել են 2017թ-ի համեմատ:

Նշենք, որ Արմեն Սանթրոսյանը Դիլիջան համայնքը ղեկավարում է 2005թ-ից: Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Դիլիջանի համայնքապետարան: Ընդունարանից պատասխանեցին, որ Արմեն Սանթրոսյանը զբաղված է: Հարցը գրանցեցին և տեղեկացրին, որ կապ կհաստատեն, սակայն այդպես էլ Սանթրոսյանը «ազատ ժամանակ» չգտավ: