Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018թ-ին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո բնակարաններ կառուցելու ու տրամադրելու կեղծ խոստմամբ, խաբեությամբ, մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նա հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով համացանցով տարածել է իր ծրագիրը և հավաքագրել մի շարք քաղաքացիների: Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018թ-ի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում:

Այդ նպատակով Երևանի մի քանի փողոցներում վարձակալելով գրասենյակներ՝ կատարել են տասնյակ հազարավոր քաղաքացիների գրանցում և դիմումի լրացման համար գանձել 50-ական, իսկ հետագայում ստեղծվելիք կոոպերատիվի համար՝ ևս 1000-ական դրամ գումարներ: Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելուց և սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո Մհեր Դերձյանը 2018թ-ի նոյեմբերի 6-ին հիմնել է «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվը և ընտրվել նախագահ:

Առաջնահերթ կարգով տներ տրամադրելու կեղծ պատրվակով նա հորդորել է կոոպերատիվի անդամներին կոոպերատիվի բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ, խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018թ-ի դեկտեմբերին, ինչը չկատարելուց հետո խոստացել է կառուցել և հանձնել 2019թ-ի մարտին:
Արդյունքում՝ քաղաքացիների կանխավճարներով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 8.000.000 դրամ:

Դերձյանը հաշվեհամարին մուտքագրված գումարի մի մասով, բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, Զովունիում ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչի նպատակային նշանակությունը չի փոխել և շինարարություն չի կատարել: Հաշվեհամարին մնացած ավելի քան 1.400.000 դրամը կանխիկացվել և հափշտակվել է:

Շարունակելով հանցավոր մտադրությունը՝ Մհեր Դերձյանի պահանջով 2018թ-ի դեկտեմբերից 2019թ-ի մարտ ստեղծվել են «Մի կտուրի տակ» անվանումով 9 սպառողական կոոպերատիվներ, որոնք փաստացի ղեկավարվել են Մհեր Դերձյանի կողմից, սակայն որպես կոոպերատիվի նախագահ ընտրվել են այլ մարդիկ:

2018թ-ի դեկտեմբերին Մհեր Դերձյանը թողնելով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի նախագահի պաշտոնը՝ հիմնել և նախագահել է «Մի կտուրի տակ կուլտուր կենցաղային աջակցության ազգային միություն» հասարակական կազմակերպությունը, որի անունով բացվել է առանձին բանկային հաշվեհամար: «Մի կտուրի տակ» կոոպերատիվներին անդամակցելու և արտոնյալ պայմաններով բնակարաններ տրամադրելու խոստմամբ Դերձյանը քաղաքացիներին հորդորել է հասարակական կազմակերպության հաշվեհամարին փոխանցել անդամակցության վճար՝ 2000-ական դրամի չափով, ինչպես և տարբեր չափերի կանխավճարներ:

Արդյունքում՝ ավելի քան 500 քաղաքացիներ վստահելով Մհեր Դերձյանին, շուրջ 3.500.000 դրամ են փոխանցել հաշվեհամարին, որից ավելի քան 1.550.000 դրամը կանխիկացվել ու հափշտակվել է:

Առերևույթ հանցագործության փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: