Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, որոնք 321 մարդու կյանք են խլել: Այդ մասին հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է գրոհայինների ակտիվությանը համացանցում, հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը:

Մինչ այդ Շրի Լանկայի կառավարությունը կասկածում էր, որ կազմակերպիչը տեղի իսլամիստական խմբավորումն էր, որի անդամները մինչ օրս մեծ հարձակումների չեն մասնակցել՝ նրանց հիմնականում մեղադրում էին բուդդայական սրբավայրերը պղծելու փորձերի մեջ, գրում է «Դոժդը»:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Ապրիլի 23-ին Շրի Լանկայի կառավարության անդամը հայտարարել է, որ Շրի Լանկայի մի շարք հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների հետաքննության նախնական արդյունքները վկայում են, որ դա տեղի իսլամիստական խմբավորումների պատասխանն էր Նոր Զելանդիայի մզկիթներում որոշ ժամանակ առաջ հնչած կրակոցներին:

Քննությունը կարծում է, որ պայթյունները մահապարտներ են իրականացրել 40 մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը Սիրիայի քաղաքացի է: