Կանադայի Նոր Շոտլանդիա (անգլ.՝ Nova Scotia) նահանգի Յարմութ քաղաքում սեպտեմբերից մեկնարկելու են մարդասիրական գործունեություն ծավալած կանադացի բուժքույր Սառա Քորնինկին նվիրված միջոցառումները։

Յարմութը Քորնինկի ծննդավայրն է, այնտեղ պետք է տեղադրվի Սառա Քորնինկի բրոնզե քանդակը, որի հեղինակն է կանադահայ նկարիչ և քանդակագործ Կարեն Պետրոսյանը։

Սառա Քորնինկը 1919թ-ին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի կողմից ուղարկվել էր Միջին Արևելք՝ օժանդակելու հազարավոր հույն, հայ, ասորի գաղթականների։ Նա իր կյանքը վտանգելով՝ փրկել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի։

Որպես բուժքույր, Սառան նախ հաստատվել է Հայաստանում՝ Երևանի մոտ, հարյուր հազարավոր գաղթականների կողքին, որոնցից շատերը վարակիչ հիվանդություններով էին տառապում։

Սառա Քորնինկը մահացել է Յարմութում 1969թ-ին, 97 տարեկանում։ 2017թ-ին Սառա Քորնինկը Տորոնտոյի հայ համայնքի կողմից արժանացել է Outstanding Canadian Award-ին: