Ապրիլի 23-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է նոր գլոբալ արշավ՝ կրկին ու կրկին շեշտադրելու պատվաստումների կանխարգելիչ ուժն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, արշավն ընթանալու է Պատվաստումների համաշխարհային շաբաթին զուգընթաց՝ կոչ անելով ծնողներին պաշտպանել իրենց համայնքները պատվաստումների միջոցով:

«Պատվաստումն Աշխատում է (#VaccinesWork) հեշթեգն արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործվում է թվային աշխարհում` համախմբելով պատվաստման աջակիցներին: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով «Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԳԱՎԻ պատվաստումների ու պատվաստանյութերի գլոբալ դաշինքի հետ, փորձելու է հեշթեգի միջոցով ավելի շատ մարդկանց հասնել: Արշավի ընթացքում «Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ին 1 ԱՄՆ դոլար է տրամադրելու սոցիալական մեդիաներում #VaccinesWork հեշթեգով գրառումները հավանելու կամ տարածելու (like and share) համար: Թիրախային ընդհանուր գումարը կկազմի 1մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի երեխաների պատվաստմանը»,- նշում են կազմակերպությունից։

Աղբյուրի փոխանցմամբ, պատվաստումները տարեկան 3 մլն երեխայի կյանք են փրկում՝ պաշտպանելով նրանց այնպիսի վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են կարմրուկը, թոքաբորբը, ժանտախտն ու դիֆթերիան: Պատվաստումների շնորհիվ է, որ 2000-2017թթ-ի ընթացքում ավելի քիչ մարդ է մահացել կարմրուկի պատճառով, իսկ պոլիոմիելիտը վերացման եզրին է: Պատվաստումները առողջապահական ամենամատչելի գործիքներից են: Երեխայի պատվաստման վրա ծախսված յուրաքանչյուր 1 դոլար ետ է վերադարձնում 44 դոլարին համարժեք գումար:

«Պատվաստումներն անվտանգ են, և նրանց շնորհիվ կյանքեր են փրկվում», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Ռոբին Նանդին (Robin Nandy):

«Այս արշավի միջոցով ուզում ենք ցույց տալ այն դրական խթանիչ դերը, որ սոցիալական մեդիան կարող է ունենալ հասարակությունում, ինչպես նաև ցանկանում ենք ծնողներին պատվաստումների վերաբերյալ արժանահավատ տեղեկատվություն տրամադրել»:

Ու չնայած պատվաստումների առկայությանը՝ 2017թ-ին աշխարհում 1.5 մլն երեխա է մահացել պատվաստման շնորհիվ կանխարգելվող հիվանդություններից:

«Որոշ դեպքերում պատվաստումները հասանելի չեն, սակայն նաև պատահում է, որ ապատեղեկատվության պատճառով ընտանիքներն են հետաձգում կամ հրաժարվում պատվաստումից: Իսկ թվային հարթակներում ու հատկապես սոցիալական մեդիաներում առկա տեղեկատվական անորոշությունը միայն նպաստում է դրան: Այս է պատճառը, որ 2018թ-ին աշխարհում գրանցվեցին մի քանի բռնկումներ, այդ թվում` նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչպես օրինակ կարմրուկի համաճարակը:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլորին ՊատվաստումնԱշխատումէ հեշթեգի միջոցով միանալ արշավին՝ տարածելով հետևյալ անիմացիոն մուլտը կամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված այլ նյութեր: Մինչ շաբաթվա մեկնարկը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ Առողջապահության նախարարությունը Հայ ծնողների ակումբի աջակցությամբ հավաքագրել են ազգային օրացույցով երեխաների համար նախատեսված պատվաստումների վերաբերյալ հարցեր, որոնց պատասխանները կտեսագրվեն ու շուտով կտեղադրվեն համացանցում»,-աված է հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։