Ապրիլի 21-ի առավոտյան Շրի Լանկայում՝ խոշոր հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում տեղի է ունեցել պայթյունների շարք։ Նշենք, որ եկեղեցիներում պայթյունները որոտացել են Զատկի Սուրբ պատարագի արարողության ժամանակ։ Արդյունքում ահաբեկչական գործողության զոհ են դարձել մոտ 300 հոգի։ Ահա, թե ի՞նչ է հայտնի ահաբեկչության իրականացնողների և հետևանքների մասին՝ երկու օր անց։

Պաշտոնապես հաստատված է զոհվածների թիվը՝ 321։ Նշենք, որ մահացածների թվում են՝ 38 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Պորտուգալիայի քաղաքացիներ։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհերից 45-ը՝ երեխաներ են, որոնցից 3-ը՝ մեծահարուստ Դանի Անդերս Պոուլսենի երեխաներն են, ովքեր մեկնել էին Շրի Լանկա մասնակցելու Զատկի արարողությանը։ Վիրավորների ընդհանուր թիվը կազմում է մոտ 500 հոգի։

Պայթյունները հնարավոր է և ավելի շատ լինեին։ Ինչպես հայտնում է AFP-ն, նախապես նախատեսված է եղել ևս մեկ պայթյուն Կոլոմբոյի կենտրոնում գտնվող հյուրանոցում, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչու՞ այն տեղի չունեցավ։

Իշխանությունները կարծում են, որ ահաբեկչության ետևում կանգնած են իսլամիստները։ Երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիևարդեն հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացնողները տեղի խմբավորումների անդամներ են։ Ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 40 հոգի։ Նախնական տվյալներով՝ պայթյունները կարող են լինել մարտին Նոր Զելանդիայի մզկիթների վրա տեղի ունեցած հարձակումների պատասխանը, որի զոհ էր դարձել 50 հոգի։

Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլապական պետություն» խմբավորումը, սակայն դա ապացուցող փաստեր այն դեռևս չի ներկայացրել։ Reuters-ը նշում է, որ խմբավորումը հայտարարությունը տարածել է միայն պայթյուններից երկու օր անց, չնայած սովորաբար ահաբեկչական գործողություն իրականացնող խմբավորումը կատարվածի համար պատասխանատվություն է վերցնում անմիջապես դեպքերից հետո, ոչ ուշ։

Արտասահմանյան հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին Շրի-Լանկայի կառավարությանը սպասվող ահաբեկչության մասին։ Այս մասին գրում է meduza.io-ն։

Շրի-Լանկայի իշխանությունները մի քանի երկրների (ԱՄՆ և Հնդկաստան) հատուկ ծառայություններից առաջին տեղեկությունները ստացել են ապրիլի 4-ին, որոնցում նշվում էր եկեղեցիներում և զբոսաշրջային վայրերում մահապարտների հավանական հարձակումների և ահաբեկչական գործողությունների մասին։ 5 օր անց տեղեկություններ են ստացվել, այն մասին, որ ահաբեկչության նախապատրաստական գործողություններն իրականացնում է «Տաուխիդ ջամաատ» իսլամիստական խմբավորումը. Շրի-Լանկայի կառավարության ներկայացուցիչները ընդունել են, որ արտասահմանյան հետախուզությունների նախազգուշացումները շարունակվել են հաղորդվել մինչև անգամ ահաբեկչության օրը, սակայն ակտիվ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ երկրի վարչապետին՝ Ռանիլ Վիկռամասինգխին անգամ չեն տեղեկացրել արտերկրից փոխանցվող վերոնշյալ նախազգուշացումների մասին։