Ապրիլի 23-ին Ստեփանակերտում, Ասկերան, Մարտունի, Կովսական, Քարվաճառ քաղաքներում և Շեխեր գյուղում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: Այն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Հազարավոր երիտասարդներ, ուսանողներ ու աշակերտներ իրենց խոնարհումն են բերել 1915թ. զոհերի հիշատակին: Երթին մասնակցել են ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ևզբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, հայտնում է Yerkir.am-ը:

Ջահերթի կազմակերպման նախաձեռնությունը ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միություններինն է, որի իրականացմանն աջակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի մի շարք հասարակակական կազմակերպություններ, համալսարանների ուսխորհուրդներ ու անհատներ:

Ապրիլի 23-ին՝ երեկոյան ջահերով երթ անցկացվել նաև Ախալցխայում։ Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկած ավանդական դարձած ջահերով երթը գնացել է դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը ավանդության համաձայն կազմակերպվել էր Զորի Զորյան երիտասարդական միության կողմից։

Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող, հայտնում է akhaltskha.net-ը:

Խաչքար-հուշակոթողի մոտ Ախալցխայի հոգևոր տեսուչ Հակոբ Սահակյանը, ՄԱԿ-ում 2017-2018թ․Վրաստանի երիտասարդական ներկայացուցիչ Գևորգ Թումասյանը և Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող ելույթներով:

Ջահերով երթ է տեղի ունեցել նաև Ախալքալաքում: