Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ: Սեյդիօղլուն մասնավորապես գրել է.

«Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի: Այդ պատճառով լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք»,- հայտնում է Ermenihaber-ը:

Մեկ այլ գրառման մեջ թուրք գործիչը գրել է.

«Ամբոխը, որը ապրիլի 24-ին «ցեղասպանություն չկա» ասել չի կարողանում և Խոջալուի կոտորածին անձայն է մնում, ինձ մեղադրում է ատելություն տարածելու մեղքի մեջ: Այդ երբվանի՞ց է զգուշացնելը դարձել մեղք: Ինչ ձեռքներիցդ գալիս է արե՛ք: Ո՛չ դատարանները, ո՛չ էլ կտրուկ հեռացումները, մեզ չեն ստիպի չասել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում»:

Ավելի ուշ Սեյդիօղլուն մեկնաբանություն է տվել թուրքական Odatv լրատվակայքին՝ ընդգծելով, որ իր գրառման մեջ նա նկատի չի ունեցել Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին, այլ այն ուղղված է եղել Հայաստանի դաշնակներին: Ազգայնական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ նպատակ չի ունեցել նեղացնել Թուրքիայի տարբեր նահանգներում ապրող հայ քաղաքացիներին: Սեյդիօղլուն նշել է, որ ներողություն է խնդրում հայ քաղաքացիներից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել դաշնակներից: