«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ցեմենտի նախագծի շուրջ քննարկումներին: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, հայտնում է «Առավոտը»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 25-ին որոշում է կայացրել` հանձնաժողով ստեղծել ցեմենտի արտադրության և ներկրման շուկային առնչվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման հետ կապված աշխատանքային խմբի ձևավորման հարցով: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները ձեռնպահ են քվեարկել:

Միքայել Մելքումյանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ` պատասխանելով ԱԺ լիագումար նիստում և մամուլում հնչող տեսակետներին, որ այդ հարցում շահերի բախում կա, և Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավարի բիզնես շահն են պաշտպանում:

Միքայել Մելքումյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է այդ քննարկումներին`«հաշվի առնելով «Արարատցեմենտ» գործարանի կոլեկտիվի նկատմամբ սոցիալական և պետական պատասխանատվությունը» և հավելել.

«Ինչ էլ որ որոշվի, մենք համաձայն ենք: Որոշման պատասխանատվությունը լինելու է «Իմ քայլի»`մեծամասնության վրա: Մենք այդ հարցի քննարկումներին այլևս չենք մասնակցելու»:

Այս հայտարարությունից հետո Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները լքել են նիստերի դահլիճը: Հանձնաժողովի անդամները հետո վերադարձել են: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ասել է, որ իրենք ինչ անում են`գիտակցում են պատասխանատվությունը և պատրաստ են այն կրել: