Ապրիլի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառում, որին ներկա էին բելգիահայ համայնքի բազմաթիվ անդամներ, համայնքային կառույցների ղեկավարները, Բելգիայում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու դիվանագետները:

Արարողությանը եկեղեցական երգչախմբի և Ախթամար լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ են կատարել դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին ներկա էին նաև Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահը, Բելգիայի դաշնային և ռեգիոնալ խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եկեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված շարունակական ջանքերը: Դեսպանն ընդգծել է հատկապես թուրքական ագրեսիվ ժխտողականության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառման վերջում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն: Նույն օրը երեկոյան Բրյուսելի Հայ տանը տեղի է ունեցել հիշատակի համերգ: