Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե հայերի աքսորը 1915թ. ամենաողջամիտ քայլն է եղել։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Փայլանը Twitter-ի իր էջում երկու գրառում է կատարել, որոնցից մյուսը վերաբերվում է ապրիլի 24-ին Էրդողանի ցավակցական ուղերձին։

Առաջին գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Նախագահ Էրդողանն ապրիլի 24 տարելիցին նախագահականում ունեցած էլույթի ժամանակ ասել է, որ աքսորն այդ ժամանակաշրջանում ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Նա Թալեաթի, Էնվերի, Ջեմալի խունտայի կողմից հայ ժողովրդի դեմ կիրառած քաղաքականությանը տեր կանգնեց։ 104 տարի անցավ, սակայն ցավոք մտածելակերպը նույնն է»։

Մյուս գրառման մեջ Փայլանը նշել է.

«Էրդողանը երեկ հրապարակած ցավակցական ուղերձում ասել է.

«Այս տարի էլ հարգում եմ առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը»: Այս հայտարարության մեջ ոճրագործ չկա: Հայ ժողովուրդը ոչնչացվել է պետության որոշմամբ: Այն ցավակցությունը, որը չի բացում արդարության ճանապարհը, վերքին դարման չի լինի»: