ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայության ղկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է»՝ ԱԱԾ տնօրենն արձագանքել է. «Հայաստանի Հանրապետությունում 2018-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել», հայտնում է Aysor.am-ը:

«Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն և Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը։ Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջովին հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով։ Չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան ու դուք բոլորդ հնարավորություն կունենաք ծանթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում և հանրությունը, լրագրողական միջավայրը, մնացած բոլոր կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»։

Անդրադառնալով հարցին, որ Սանասարյանին մեղադրանքի առաջադրումից հետո, գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել, ԱԱԾ տնօրենը նշել է, որ, օրինակ, Դավիթ Ադյանի դեպքում, իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազատ արձակման վերաբերյալ որոշումը։

«Ես խնդրում եմ առհասարակ չշահարկել այդ գործը։ Մեծ աղմուկ է ստացել պարոն Սաասարյանի դեմ հարուցված գործը և իրեն մեղադրանք առաջադրելը։ Ես ուզում եմ ասել մեկ բան, ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորություններն՝ անկախ նրանից, թե մեղադրվող անձը կլինի իմ ազգանկանը, բարեկամը, ընկերը, հարազատը, զինակիցը: Եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջև ու պատասխան տա։ Եթե ԱԱԾ աշխատակիցները թույլ կտան անօրինականություններ, նրանք ևս պետք է պատժվեն ու նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ», - ասել է Արթուր Վանեցյանը։