Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Նշենք, որ ապրիլի 25-27 Պեկինում ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը:

«Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ջանք չի խնայի հակամարտության կարգավորման համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: