Կովկասի բնության հիմնադրամը (CNF) վերջերս իրականացրել է 2019թ-ի առաջին փոխանցումները (մոտ 330 հազար եվրո) ՀՀ հետևյալ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (110 հազար եվրո), «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (92 հազար եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (87 հազար եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (40,000 եվրո):

Հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համաֆինանսավորումն ուղղվել է պահպանվող տարածքների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը, սարքավորումների ու արտահագուստի ձեռքբերմանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպիսիք են անօդաչու սարքերն ու մոնիթորինգի ժամանակակից համակարգերը, որոնք կբարելավեն պահպանվող տարածքների պահպանությունն ու արդյունավետ կառավարումը:

Երկրորդ փոխանցումները նախատեսվում է իրականացնել հուլիս ամսվա ընթացքում՝ մոտավորապես նույն գումարի չափով:

CNF-ը, ՀՀ-ում իր գործունեության 10-ամյա փորձով, շարունակում է աջակցել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ ապահովելու համար Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությունը: