Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից:

Մրցույթում, որը կանցկացվի մինչև հունիսի 14-ը, Խաչատրյանի և այլ ստեղծագործողների գործերն են ներկայացնելու դաշնակահարները:

«Մրցույթը նշում է իր 15-ամյա հոբելյանը, և այս տարի այն անցկացվելու է դաշնակահարների համար: Ընտրվել է 30 մասնակից 12 երկրից»,- նշել է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:

Ընդգրկվել են Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Հյուսիսային Կորեայից, Թայլանդից և այլ երկրներից երաժիշտներ։ Բացման համերգին ելույթ է ունենալու Խաչատրյանի դաշնամուրային տրիոն: Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ: