ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ ՀՀ կառավարությունը չունեն ստվերային պարտավորություններ, քանի որ հեղափոխության համար անհրաժեշտ գումարն իրենք ստացել են հասարակ մարդկանցից:

Նա նշել է նաև, որ 2018թ-ի հեղափոխությունը ՀՀ-ում «ռոմանտիզմի տրիումֆ էր պրագմատիզմի հանդեպ»՝ հավելելով, սակայն, որ գումար ծախսելու անհրաժշետություն, այնուամենայնիվ, կար:

«Մենք մոտ $200 հազար ենք ծախսել մեր հեղափոխության վրա: Որտեղի՞ց այդ փողը: Մենք խնդրեցինք մարդկանցից: Մենք էլեկտրոնային դրամապանակ էինք բացել և հայերը, աշխարհի տարբեր երկրներից, մեծամասնությունը ՌԴ-ից, մեզ գումարներ էին նվիրում: Մենք ծախսել ենք այդ գումարը և ամեն շաբաթ հեղափոխության ընթացքում հրապարակում էինք մեր ծախսերը»,- ասել է Փաշինյանը:

Դա էլ, ըստ վարչապետի, թույլ է տվել կախվածություն չունենալ որևէ անձից կամ կորպորացիայից: Ըստ նրա, արդյունքում իրավիճակը Հայաստանում փոխվեց այնպես, որ հիմա «երկրում մենաշնորհներ չկան»:

Որպես «սիրո հեղափոխության» մեկ այլ կարևոր գործոն Փաշինյանը նշել է սոցցանցերը:

«Երբ դուրս եկա բանտից, տեսա, որ կա YouTube, Facebook, կա Twitter: Ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործիչը կարող է կիրառել այդ ամենը...երբ պատգամավոր դարձա, ես իմ ելույթները հրապարակում էի Facebook-ում և YouTube-ում: 2016թ-ին իմ բոլոր ելույթների դիտումները միասին վերցրած մոտ 10-15 մլն էին: Աշխարհում 10 մլն հայ կա: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ տեսել է իմ ելույթը»,- պատմել է Փաշինյանը: