Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին՝ ժամը 13։30-ին։ Որոշումը դատարանը կայացրել է կողմերի հետ խորհրդակցությունից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկնարկել էր Մարտի 1-ի գործի դատավարությունը:

Դատարանը, նախքան դատաքննության նշանակումը, պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ: Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի ընթացքում գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրել է միջոց կալանքի հիմքերը: