Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակման փաստին․

«Հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կվերաճի հավերժական խուսանավումների՝ վկաները կխուսափեն դատարան գալ, ոմանք կհրաժարվեն իրենց ցուցմունքներից, ոմանք գուցե նույնիսկ մեկնեն երկրից... փաստաթղթեր «կկորչեն»: Վստահ եմ՝ փաստաթղթեր կան, որոնց չի հասել նախաքննական մարմինը, բայց որոնց կարող է հասնել Քոչարյանը: Մարդիկ վախենում են: Ինչպես վախեցավ առաջին ատյանի դատավորը: Վախենում են, որովհետև հիմա իրենք միայնակ են Քոչարյանի դեմ: Քոչարյանի ազատության բարձրաստիճան երաշխավորները նրա՛ համար են երաշխավորել, ինքնին կասկածելի երաշխավորություն, իսկ վկաների կյանքի և ազատության երաշխավորն ո՞վ է: Միայն չասեք՝ պետությունը կամ իշխանությունը: Առավել ևս՝ չեղած մի բան, որ արդարադատություն անունն է կրում: Չեղած բանը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել առարկայորեն և ֆիզիկապես առկա Քոչարյանի վտանգից»: