Մարտի 1-ի բուն գործից առանձնացված գործով մեղադրյալներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։ Այն տեղ է գտել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ գործի վարույթը կասեցնելու որոշման մեջ։ Այս մասին հաղորդում է «Ազատություն»-ը։

Համաձայն մեղադրանքի, Քոչարյանը 2008թ-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը, նաև ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլարի կաշառք։

Ըստ մեղադրանքի՝ 2008թ-ի ընտրության արդյունքները չեղարկելու համար փետրվարի 23-ից մեկնարկած խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Եվ երբ ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքները, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ցանկալի իշխանական համակարգը պահելու համար, իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ և նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ։

Այդ գործողություններում, ըստ մեղադրական եզրակացության, նրանք հանցավոր ձևով ներգրավել են Զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց, քաղաքացիների իրավունքների խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:

Հենց այդ գործողություններն էլ, ըստ մեղադրանքի, հանգեցրել են 2008թ-ին գործող Սահմանադրության 1-6 հոդվածների գործողության դադարեցման, որով պաշտոնյաները, իրենց լիազորությունները անցնելով, խախտել են քաղաքացիների իրավունքները։

Այսպես, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտել են 2008թ-ին գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ասված է մեղադրական եզրակացությունում:

Նրանք նաև խախտել են Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է Հայաստանի նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել Զինված ուժերի օգտագործման մասին, բայց Զինված ուժերն օգտագործվել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ, պնդում է մեղադրող կողմը:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008թ-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության հաջորդ օրը ժամը 00:00-ից, և հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին, ասված է մեղադրականում:

Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն էլ նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը, շարունակում է մեղադրող կողմը: Չնայած այդ պահին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով Զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18-ից, տեղափոխել զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, նրանց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ, նշված է մեղադրական եզրակացությունում:

2008թ-ի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում 0038 հրամանով հանձնարարվել է այդ ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Հայաստանի ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր:

Երևանում խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել։

Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 0038 հրամանի համաձայն, Զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ. Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևանում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր, ասված է մեղադրականում:

Մասնավորապես, Հայաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008թ-ի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից և տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, այստեղ էլ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008թ-ի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել Հայաստանի զինված ուժերի բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են հետևյալ վայրերում՝ 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները, 2008թ-ի փետրվարի 24-ից, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող պաշտպանության նախարարության թիկունքի զորամասում, որտեղ էլ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ։

Ըստ մեղադրանքի՝ այնուհետև՝ մարտի 1-ին, ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008թ-ի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ էլ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևանի իրենց մշտական տեղակայման վայրերում:

Նույն ժամանակահատվածում Երևան է տեղափոխվել Ղարաբաղի պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նրանց մի մասը տեղակայվել է Հայաստանի կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ կենտրոնական հավաքակայանում: Երևանում տեղակայվելուց հետո, Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողներին տրամադրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «Պաշտպանության Բանակ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը:

Ըստ մեղադրող կողմի՝ բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ: Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած այդ ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:

«2008թ-ի փետրվարին, Երևանում և նրա մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում այս ստորաբաժանումների տեղակայվելուց հետո Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը», մեղադրանքում գրել է գործը քննող հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ մեղադրանքի՝ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմն էլ տեղակայվել են Հայաստանի կառավարության շենքում: Խաչատուրովը վարչակազմում ընդգրկված՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևանի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար:

Մեղադրականում նշված է, որ Յուրի Խաչատուրովի հրահանգով ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փողոցներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևանի կենտրոնական փողոցներում և Երևան մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:

Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008թ-ի փետրվարի 27-ին և 29-ին, նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008թ-ի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը, ասված է մեղադրական եզրակացությունում:

Ըստ մեղադրող կողմի՝ 2008թ-ի փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:

Այս ելույթից հետո ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաք՝ նկատի ունենալով, որ այդ օրը ոչ աշխատանքային է։

Արդեն մարտի 1-ին, քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, քաղաքացու՝ իրավունքներն արգելելու և դրանով իսկ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008թ-ի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ են ապօրինի գործադրել, հարկադրաբար Ազատության հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անողներին Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար, նշված է մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի՝ Այս ամենի հետևանքով ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք: Հետագայում, որպեսզի պատրանք ստեղծեն, որ ոստիկանության այս գործողություններն օրինական են և իրավաչափ, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008թ-ի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր այն մասին՝ իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Մեղադրականում ասված է, որ նաև կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով: Այս գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փողոցներում:

Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008թ-ի մարտի 1-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ պարտավոր էր հրապարակել Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը: Այս հրամանագրով Երևանում 2008թ-ի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև պաշտպանության նախարարությանը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման մեջ տեղ գտած մեղադրականում նշվում է՝ դուրս գալով իր լիազորություններից և խախտելով Սահմանադրությունը, Ռոբերտ Քոչարյանն իր արտակարգ դրության մասին հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ և դրանում ներառել է այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որոնք նախատեսված են եղել այդ ժամանակ գործող «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում:

Այս միջոցառումները և սահմանափակումները ներառված են ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում և ըստ այդմ՝ Երևանում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:

Ինչպես նշված է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրականում, իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008թ-ի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով Հայաստանի կառավարության շենքի մոտ տրամադրել են Զինված ուժերի թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ այդ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008թ-ի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող քաղաքացիների՝ իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը:

Մեղադրականում նշված է, որ մասնավորապես 2008թ-ի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև այդ խմբերը, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:

Բացի այդ, Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փողոցներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես, 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև բնակելի և հասարակական նշանակության շենքերի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բնակարաններ, բնակելի շենքի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փողոցներում՝ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: Հայաստանի զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևանի կենտրոնական փողոցների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները, նաև ասված է մեղադրական եզրակացությունում:

Հետագայում՝ Երևանում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին Զինված ուժերի, ինչպես նաև զինված խմբերի մասնակցությունն ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փողոցների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պակուճները՝ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:

Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու և այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008թ-ի հուլիսի 2-ից՝ նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և նախագահի օգնական, իսկ 2008թ-ի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, նրա տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008թ-ի մայիսի 29-ին ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր։ Դրանք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, այսպիսով՝ նրանց հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ Մարտի 1-ի քրեական գործով նախաքննական մարմնին տվել են սուտ ցուցմունքներ, նշված է մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի՝ հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող:

Մեղադրականում նշվում է նաև՝ ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված Զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» են եղել, և դրա համար Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն դրամ մասնավոր միջոցներից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի դրամով։

Մեղադրականում անդրադարձ է կատարվում նաև Սեյրան Օհանյանի՝ հեռուստատեսային հայտնի ելույթին։ Եվ այսպես, 2008թ-ի մարտի 2-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է Հայաստանի քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ Զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Օհանյանը հորդորել է զերծ մնալ Երևանում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ, «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն: