Կառավարության այսօրվա նիստին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարել է, որ չինական ՏԵԴԱ (Տյանցցինյան տնտեսական և տեխնիկական զարգացման գոտի) ընկերությունը հետաքրքրված է հայկական հումքի բազայի վրա շինարարության մեջ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու գաղափարով: Վերմիշյանը, դիմելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արթուր Վանեցյանին, շեշտել է նաև, որ ընկերության ներկայացուցիչները բավական մեծ հետաքրքրություն ունեն հայկական ֆուտբոլում ներդրումներ անելու առնչությամբ:

Վանեցյանը, միանգամից արձագանքելով, նշել է, որ հենց կառավարությունը տարածք հատկացնի, կմեկնարկեն նոր մարզադաշտ կառուցելու աշխատանքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ նոր մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, քանի որ այն հնարավարություն կտա նաև միջազգային հանդիպումներ անցկացնել Հայաստանում: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ մարզադաշտի կառուցումը չպետք է տեղի ունենա կանաչ գոտիների հաշվին: