«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ներկայացված այն մարդը, որին նախընտրում է ներկայիս գործող իշխանության մեծամասնությունը

«Քանի որ մեր երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղափոխություն, հետևաբար տեղափոխության արդյունքը պետք է լիներ նման առաջադրումը։ Ես որևէ կերպ չեմ ուզում Վահե Գրիգորյանի անձը կամ նրա իրավական գիտելիքները թերի գնահատեմ, բայց այն, որ այս առաջադրումը տեղի է ունենում քաղաքական նպատակահարմարության ներքո և մի անձի կողմից, ով այդ իրավասությունը չունի, ի դեմս նախագահի, հասկանալի է։ Նա ուղղակի կատարում է պատվեր»,- ասել է նա։

Փոստանջյանի խոսքով, բոլորը բոլորի հետ պայմանավորվել են, ցավալի է, որ օրինականության սկզբունքները դրել են մի կողմ, ուղղակի գործում են ստվերային պայմանավորվածությունների ներքո՝ ոտնահարելով օրենքները, քաղաքական հակակշիռների և զսպումների մեխանիզմի սկզբունքը։

«Մեր երկրում նորից գործում են ստվերային պայմանավորվածություններ, ստվերում գտնվող անձիք են որոշում այս կամ այն գլխավոր պաշտոններում նշանակվելո հարցը»,- ասել է Զ. Փոստանջյանը։