Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պուտինն ասել է, որ անհարժեշտություն չի համարում բնութագրել երկկողմ հարաբերությունները։

«Մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը: Ուրախ եմ այսօր հնարավորություն ունենալ հանդիպել Ձեզ և խոսել համալիր հարցերի շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրի հարաբերությունները համաչափ են զարգանում:

«Այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը: Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք»,- նշել է Փաշինյան։

Կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը: