Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողով, որին կմասնակցեն հայաստանյան բուհերի դասախոսներ ու ուսանողներ, որակի ապահովման պատասխանատուներ, կարիերայի կենտրոնների մասնագետներ, կրթության կառավարիչներ և այլք։ Այս մասին հայտնում են ՈԱԱԿ հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Իրազեկ»-ին ուղարկված հաղորդագրության համաձայն՝ համաժողովի շրջանակներում մասնակիցները կքննարկեն, թե ինչպե՞ս են բուհերը պլանավորում ուսանողի առաջընթացը, ուսանողի առաջընթացի արդյունավետ պլանավորումը որքանո՞վ կապահովի շնորհված որակավորումների արժանահավատությունը, որքանո՞վ է կարևոր պրակտիկան ուսանողի առաջընթացի գործում և այլն։ Հաջողված փորձի օրինակով կներկայացվի, թե ինչպե՞ս ապահովել ուսանողի պլանավորված առաջընթացը ուսումնառության ընթացքում։

Ուսանողներն ու դասախոսները իրենց տեսանկյունից կպատմեն նաև, թե ո՞րն է ուսուցման մոտիվացիան, ինչպե՞ս հասնել նրան, որ և՛ դասախոսը, և՛ ուսանողը լինեն մոտիվացված։

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Կարաբեկյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետը և հաջողված փորձը կներկայացնեն դասախոսներ ԵՊՀ-ից, ԵՊԲՀ-ից, Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանից և այլն։

Նշենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իր հիմնադրման 10-մյակի առթիվ 2019թ-ը հայտարարել է որակի տարի։ Այս համաժողովը ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումներից մեկն է։

Հիշեցնենք, որ Որակի տարվա առաջին միջոցառումը տեղի է ունեցել փետրվարի 22-ին․ ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում թեյախմություն տեղի ունեցավ ԿԳ նախարարի, ՈԱԱԿ տնօրենի և ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների մասնակցությամբ։ Քննարկվեցին բուհերի խնդիրները, մասնավորապես բուհերի կառավարման արդյունավետության և ուսումնական հաստատություններում որակի ապահովման կենտրոնների դերի բարձրացմանն առնչվող հարցեր։

Իսկ մարտի 1-ին տեղի է ունեցել համաժողով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովում քննարկվեց, թե ինչպես կարող են քոլեջները գործատուների հետ արդյունավետ հաղորդակցություն ձևավորել։

Ինչպես հայտնում են կենտրոնից՝ ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները շարունակական են լինելու և կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA)10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։