Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության մասնաշենքը՝ նախկին «Երևան ստուդիա»-ի շենքը, 2013թ-ին գրավադրվել է բանկում, որի դիմաց ներգրավված վարկի ծավալը կազմել է 1,8 մլրդ դրամ։ Թեմայի շուրջ հարցումներին ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերությունից հաջողվել է պարզել, որ հեռուստաընկերությունը շենքը գրավադրել է «Արդշինբանկ»-ում։ 1,8 մլրդ դրամ վարկը տրամադրվել է տարեկան փաստացի 10 % տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետն ավարտվում է 2020թ-ին։ յս մասին գրում է «Հետք»-ը։

Հեռուստաընկերությունից առաջին հարցմանն ի պատասխան՝ նշել են, որ ներգրավված վարկային միջոցները հիմնականում ուղղվել են հեռուստաընկերության թվայնացմանը, անալոգային տեխնիկայից թվային տեխնիկային անցման նպատակով տեխնիկական վերազինման գործընթացին, տասնամյակներ չվերանորոգված շենքերի ու շինությունների հիմնանորոգմանը, տաղավարների նորոգմանն ու դրանց ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև՝ դեկորացիաների պատրաստմանը։

Հետագայում նաև պարզվել է, որ գումարների մի մասն էլ ուղղվել է նոր հեռուստահաղորդումների, վավերագրական ֆիլմերի, հեռուստանովելների և այլ կոնտենտի արտադրությանը։

Ստացված վարկի ամենամեծ մասը՝ 825 մլն դրամը, ըստ հեռուստաընկերության, ուղղվել է նկարահանման թվային տեխնիկայի, անվտանգության համակարգի և ավտոմատ հեռախոսակայանի ձեռքբերմանը։

337,5 մլրդ դրամն ուղղվել է հեռուստաընկերության շենք-շինությունների հիմնանորոգման շինարարական աշխատանքներին։

Նոր հեռուստահաղորդումների, վավերագրական ֆիլմերի, հեռուստանովելների և այլն կոնտենտի արտադրության համար ծախսվել է 226 մլն դրամ։ Եվ 135,5 մլն դրամ էլ ուղղվել է հաղորդումների դեկորացիաների ձեռքբերմանը։

Իսկ մնացած 276 մլն դրամը մինչ 2013թ-ը Հանրային հեռուստաընկերության կողմից ներգրավված վարկային միջոցների վերաֆինանսավորմանն է ուղղվել, ինչպես հեռուստաընկերությունից են հավաստիացնում, առավել ցածր տոկոսադրույքով։