Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիսից սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում այս մասին նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն շատ հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող իրենց ստացած եկամուտները չեն հայտարարագրվել»,- նշել է Անանյանը:

Հարցին, թե ի՞նչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, ՊԵԿ նախագահը պատասխանել է․

«Կարծում եմ, որ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անհատական նամակ է գնում և, ըստ էության, նրան առերևույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Վաստակավոր արտիստի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է»:

Անանյանն ընդգծել է, որ այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ, պարզապես, մշակույթի ձևավորման խնդիր կա: