Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի և Հայաստանի թռչունների պահպանման միության մասնագետ Լյուբա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արարատյան դաշտավայրում մեծ թվով արագիլներ չեն կարողանում թռչել՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղով ծածկված լինելու պատճառով:

Նշվում է, որ օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտաբերել են արագիլի առանձնյակ, որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով և որի հետևանքով թռչունը անընդունակ էր թռչելու:

«Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ:

Նշվում է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միության մասնագետները շրջապտույտ են կատարել Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը, ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ:

«Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը (բոլոր լուսանկրները կցում եմ): Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ», - նշել է ինստիտուտի մասնագետը:

Կոչ է արվում անհապաղ պարզել՝ որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը:

«Ի դեպ այդ աղետը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին էկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել թե, ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին», - ասված է գրառման մեջ:

Բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է: