Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Գրում է Panorama.am-ը։

Հիշեցնենք, որ infocom.am կայքն օրեր առաջ հոդված էր հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ:

Դրա հետ կապված քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ։

«Սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ», - մասնավորապես հայտնել էին ՔԿ-ից։