Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի մասին բարձրացված հարցի վերաբերյալ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզաբանում. երեկ՝ ՀՀ Ազգային Ժողովում, ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի մասին, բարձրացված հարցի վերաբերյալ:
2019-ի գարնանը ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ Ազգային ժողովում հայտարարվեց, որ ՀՀ-ում ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար 50000 դրամից նվազեցրել է 40000 դրամի՝ որպես տնտեսական հեղափոխության 1-ին քայլ: Սակայն աշխատանքային կարգով ճշգրտման արդյունքում պարզվել է, որ մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ը ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար կազմել է 54 000, իսկ 2019-ի հունվարի 1-ից առ այսօր կազմում է 44000 դրամ:
ՀՀ ՊՆ 2019-ի գնումների պլանում ցեմենտի գնման ձևը նախատեսվել էր էլեկտրոնային աճուրդ: Սակայն 2019-ի փետրվարին էլեկտրոնային աճուրդի համակարգն ամբողջությամբ խափանվեց և հնարավոր չեղավ կազմակերպել ցեմենտի գնման գործընթացը: Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն, որում գնման հրատապությունից ելնելով գնման ձևը նախատեսվել է հրատապ մեկ անձ: Հարկ է նկատել, որ այդ գնման ձևի դեպքում գնումը կրկին կազմակերպվելու է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները: Այսինքն՝ տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև՝ ուղղակի շատ կարճ ժամկետներով, որին մասնակցելու հնարավորություն ունի ցանկացած անձ:
Գնումների պլանի փոփոխությունից հետո 2019-ի ապրիլին կազմակերպվել է գնման գործընթաց, որին մասնակցել են թվով 3 կազմակերպություն, որոնցից ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի՝ հետ 2019-ի մայիսի 15-ին կնքվել է 1տ.-ի արժեքը 48000 դրամով ցեմենտի գնման պայմանագիր: Ընդ որում՝ նշված գնմանը կարող էր մասնակցել նաև արտադրող գործարանը, սակայն վերջինս մասնակցություն չի ունեցել:
Արարատում պահեստ ունենալու վերաբերյալ հարցադրման մասով տեղեկացվում ենք, որ վերոհիշյալ գնման ընթացակարգի հրավերում, որը հրապարակված է նաև www.procurement.am կայքում, նման պահանջ սահմանված չէ, այլ նշվել է, որ մատակարարը պետք է նշի իր պահեստի հասցեն, որպեսզի պատվիրատուն՝ ՀՀ ՊՆ տեղեկանա, թե որտեղից է բարձելու և համապատասխան զորամաս տանելու ցեմենտը, քանի որ հրավերով նախատեսվել է, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր կատարվելու է ՀՀ ՊՆ միջոցներով:
Մատակարար ընկերության՝ ընդամենը 2 աշխատակից ունենալու վերաբերյալ հարցադրման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, գնման ընթացակարգի հրավերով չի սահմանվել մասնակիցների առնվազն ինչ-որ քանակի աշխատակիցներ ունենալու պահանջ: Ավելին, նկատի ունենալով, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր իրականացվելու է ՀՀ ՊՆ միջոցներով, մատակարարի աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ճշտման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է:
Կից ներկայացվում է նաև նախորդ 3 տարիներին ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման վերաբերյալ համեմատական վերլուծականը:
2016թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2017թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2018թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000-58.000 դրամ:
2019թ. մեկ տոննա ցեմենտի գինը 48.000 դրամ»: