Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի տնօրենի հրավերով փետրվարի 27-ից մարտի 3-ը աշխատանքային այցով Քիշնևում էր Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, Հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

Պատվիրակության անդամներն այցելեցին Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտ, հանդիպեցին տնօրեն Դիանա Սկոբիոալեին, քննարկեցին համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Սերգեյ Առաքելյանը Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտում հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները:

Ակադեմիայի պատվիրակության անդամները հանդիպեցին Մոլդովայի մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահ Վիկտոր Միկուին, խորհրդի անդամ, դատավոր Դորել Մուստյացեին, քննարկվեցին երկու երկրներում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր: Հայաստանյան պատվիրակության անդամները նաև այցելեցին Խնչեշտ քաղաքի դատարան, ծանոթացան շենքային և աշխատանքային պայմաններին, դատարանի նախագահ Միխայիլ Մակարի հետ քննարկեցին դատարանի գործունեության առանձնահատկությունները:

Այցի ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը՝ Արդարադատության ակադեմիայի և Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի միջև 2018թ․-ի հունվարի 10-ին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: