Մեծ Բրիտանիան, Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի առիթով դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ շփումները, այդ թվում՝ չեղարկում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված Լոնդոն այցելելու հրավերը: Այս մասին չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է news.am-ը։

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ։

Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006թ․-ին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010թ․-ին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: