Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում անցկացվեց Լողի հայկական դաշնության գավաթի առաջնությունը:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մասնակցեցին Հայաստանի շուրջ 70 լավագույն լողորդներ (տղաներ և աղջիկներ): Մեկնարկները տրվեցին բոլոր լողաոճերում, սակայն տղաների և աղջիկների մեկական գավաթակիրները որոշվեցին երկու լողատարածությունների արդյունքում միավորների հանրագումարով՝ համաձայն Լողի միջազգային ֆեդերացիայի աղյուսակի:

Աղջիկների մեջ Հայաստանի գավաթակիր դարձավ Անի Պողոսյանը, ով նաև հանրապետության նոր ռեկորդ սահմանեց, տղաների մեջ՝ Արթուր Բարսեղյանը: Եվս երկու լողորդ՝ Լևոն Իշխանյանը (բրաս) և Ռուբեն Ղարիբյանը (դելֆին) սպորտի վարպետի նորմա լրացրեցին:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ գավաթի այս խաղարկությունով ավարտվեցին ընթացիկ մրցաշրջանում ներհանրապետական մրցումները, սակայն երեք լողորդ՝ Արթուր Բարսեղյանը, Լևոն Խաչատրյանը և Լևոն Վարդանյանը, մոտ օրերս Ռուսաստանում կմասնակցեն Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարին: