Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագրի մշակումն ու Ազգային ժողովում բուռն քննարկումների փուլն անցնելը, Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի երկարաձգման աշխատանքներն ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում բարեփոխումները տարվա երեք կարևոր ձեռքբերումներն են։ Այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

«Այս տարի իրականում բավականին լուրջ ծրագրեր ենք իրականացրել, առաջինը շուկայի ազատականացման գործընթացի սկիզբն էր։ Այս տարի կառավարության կողմից ընդունվեց Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, որը ենթադրում է քայլ առ քայլ ազատականացում։ Երկրորդը՝ Ատամոկայանի կյանքի ցիկլի երկարացման ծրագիրն էր, պլանային վերանորոգումը նախատեսված սովորական վերանորոգումներից երկար տևեց՝ մոտ 2.5 ամիս։

Այդ ժամանակ բավականին խորը հետազոտությունների ենթարկվեցին Ատոմակայանի գրեթե բոլոր սարքավորումները։ Տարվա ընթացքում լայնածավալ աշխատանք կատարվեց, ներմուծվեցին բազմաթիվ սարքավորումներ, ներառյալ՝ մեկ տուրբին գեներատորը, որը պետք է փոխարինվի։

Երրորդը կարելի է առանձնացնել այս տարի գործնական փուլ մտած արևային էներգետիկայի այն բարեփոխումները, որոնք իրականացրել էինք 2016 թվականի ավարտին։ Տարվա վերջում մենք արդեն ունենք ցանցին միացված մոտ 200 արևային ինքնավար կայան, այսինքն՝ մարդիկ իրենց տանիքներում տեղադրել են արևային կայան ու սեփական կարիքների համար արտադրում են էլեկտրաէներգիա, նաև ունենք համակարգային կայաններ, որոնք միացել են ցանցին ու վաճառում են իրենց կողմից արտադրված էներգիան «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին։

Այս գործընթացը ակտիվ շարունակվում է, հենց այսօր (դեկտեմբերի 22-ին-խմբ․) Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ անցավ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որոնցով բարելավեցինք ինքնավար էներգաարտադրողների աշխատանքային դաշտը։

Շարունակվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում ենթակայանների վերակառուցման գործընթացը, Երևանի ՋԷԿ-ում պլանային վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել»։