Հունիսի 21-22 Ստրասբուրգում անցկացվել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթություն՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովը՝ «Որակյալ ուսուցում որակյալ վճիռների նպատակով» խորագրով: Համաժողովին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, ով նաև ԵԽ հեռաուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ է:

Համաժողովի մասնակից Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են HELP-ի շրջանակներում մշակվող հեռաուսուցման դասընթացների ներդման հնարավորությունները մասնակից երկրների բարձրագույն կրթության համակարգերում: Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով համաժողովի մասնակիցները քննարկումներ են ծավալել աշխատանքային առանձին խմբերով՝ վերհանելով իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկությունները՝ մեթոդաբանական մոտեցումներ, գնահատման գործիքների ազդեցություն, հեռաուսուցման կազմակերպման մեթոդաբանության կատարելագործում ու HELP-ի էլեկտրոնային ուսուցման նոր պլատֆորմի գործառնական և նորարարական լուծումներ:

Համաժողովի շրջանակում Արտաշես Խուրշուդյանը հանդիպում է ունեցել HELP ծրագրի ղեկավար Էվա Պաստրանայի հետ: Քննարկվել են նոր դասընթացների ներդրմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացվել են HELP-ի 2018թ․-ի նոր մշակված դասընթացները, որոնք ներդրվելու են մինչև տարեվերջ:

Գործընկերների հետ առանձնազրույցների ընթացքում քննարկվել են նաև հեռաուսուցման համատեղ նոր ծրագրեր մշակելու հնարավորությունները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: