Հուլիսի 3-ին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելեց Արդարադատության ակադեմիա:

Աշխատանքային այցի շրջանակում նախարարը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ ծանոթացավ Ակադեմիայի շենքային պայմաններին, եղավ գրադարանում, հյուրանոցային համալիրում, որը նախատեսված է մարզերում բնակվող և Ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրների համար: Նախարարը նաև շրջեց լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Նախարարը զրուցեց ունկնդիրների հետ և հաջողություն մաղթեց նրանց:

Ռեկտորի առանձնասենյակում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ուսուցման ծրագրերին, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, խոսեց Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակման, քննական հանձնաժողովների կազմերի համալրման անհրաժեշտության և այլ հարցերի մասին: Քննարկվեցին նաև որոշ հարցերի լուծման հնարավորությունները: