«Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները «Ռոբերտ, մարդասպան» կոչերով ներխուժեցին Էրեբունի պլազա և բարձրացան այն սրահ, որտեղ այսօր նախատեսված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ վերականգնվել է վստահությունը, մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժելու որևէ անարդարություն, մարդասպաններին։ Հայաստանում անարդարությունը հեշտ չի անցնելու, պրիվետ Ռոբին», - հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը։

Ցուցարարները հայտարարեցին, որ ասուլիսը տապալված է, և իրենք այլ գործողություն չունեն իրականացնելու։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հայաստանի երկրորդ նախագահն ազատության մեջ է։