Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը: Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին ՀՀ փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: