Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքի մասին, հայտարարել է, որ «շատ հետաքրքիր նոր փաստաթղթեր կան, բայց դրանք չեն հրապարակայնացվելու»՝ պատասխանելով այն հարցին, թե բացի 0038 հրամանից, այլ փաստաթղթեր կան ՀՔԾ-ի տրամադրության տակ:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պիտի հանվի նախաքննության գաղտնիքը, որպեսզի Մարտի 1-ի գործով ամբողջ գործընթացը լինի թափանցիկ՝ Խաչատրյանն ասել է.

«Նման ընթացակարգ գոյություն չունի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով», - հայտնում է Panorama.am-ը:

Ըստ նրա՝ կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս, և ինչ կլինի, եթե այդ ամբողջը գաղտնազերծվի: «Հանրության պահանջը պետք է օրինական լինի, չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է նախաքննության փուլին: Գործը քննվում է դռնբաց, եթե չի պարունակում պետական գաղտնիք», - ասել է ՀՔԾ պետը՝ հավելելով, որ նախաքննության գաղտնիությունը գործի շահերից է բխում, ուստի նման պահանջներ ներկայացնելը իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է հայտնի 0038 հրամանին, Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա հրապարակային է այն չափով, որքանով փաստաթուղթը տրամադրող պաշտպանության նախարարությունը հարմար է գտել գաղտնազերծել.

«Որ հատվածը որ գաղտնազերծվել է, հրապարակվել է: Բոլոր հատվածները, որոնք էական նշանակություն ունեն, դրանք բոլորը հանրությանը հայտնի են դարձել»:

Այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է՝ ինքն իր սահմանադրական կարգը ինչպես կարո՞ղ է տապալել՝ ՀՔԾ պետը պատասխանել է, որ նա իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, ինչը ճիշտ չէ:

Սասուն Խաչատրյանը չի մեկնաբանել այն հարցը, թե երկրորդ նախագահն ազատության մեջ գտնվելով՝ որևէ ներգործություն ունեցե՞լ է նախաքննության ընթացքի վրա:

Անդրադառնալով նաև երկրորդ նախագահի այն հակափաստարկին, թե գործը «Մարտի 1-ի» 10 զոհերի բացահայտման հետ կապ չունի՝ Սասուն Խաչատրյանն ասել է.

«Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհերի հետ կապ ունի, թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման մասին քրգործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրգործին, մեկ միասնական վարույթ է։ Ես չեմ լսել այդ ելույթը, որտեղ ասում է, թե չեն բացահայտվում սպանությունները, ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ և արդյունավետ չէ, որ բացահայտենք դա, ես ասում եմ՝ ամեն ինչ արվում է և արվելու է: Ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ, այդ թվում՝ սպանություններ կատարող անձանց մասով բացահայտվելու է»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է ամբողջ ծավալով, ՀՔԾ պետն ասել է, որ ինքն այն պաշտոնատար անձը չէ, որ կմեկնաբանի վարչապետի հայտարարությունները: