Լոռու մարզի Վանաձոր քաղաքում շահագործման է հանձնվել տարածաշրջանի առաջին կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։

Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Նշենք, որ արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։