ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Այդ տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։

Հայցվոր Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից 2 մլն դրամի չափով փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջել զրպարտության դիմաց, հայտնում է yerevan.today-ը:

ԱԱԾ տնօրենը սեպտեմբերի 22-ին որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք, հայտնում է Pastinfo-ն:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի 6 միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»,- հայտարարել է Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենի դեմ քաղաքացիական հայցը քննելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը։