Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է հարաբերությունները Կոստանդնուպոլսի հետ, քանի որ «Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ոտնձգություն է կատարում Ռուս եկեղեցու կանոնիկ տարածքին»: Որոշումն ընդունվել է Սուրբ Սինոդի նիստում, ասվում է Մոսկովյան պատրիարքարանի կայքում:

ՌՈւԵ-ն «ապօրինի» է համարել Կոստանդնուպոլսի պատրիարքության Սուրբ Սինոդի հոկտեմբերի 11-ին հրապարակած որոշումը, որի համաձայն Ուկրաինական եկեղեցին ավտոկեֆալիա՝ ինքնիշխանություն, է ստանում, գրում է «Վեդոմոստին»:

Այսուհետ ՌՈւԵ-ն չի մասնակցի համատեղ ժամերգություններին Կոստանդնուպոլսի եկեղեցու սպասավորների հետ, իսկ ՌՈւԵ հետևորդներին արգելվում է մասնակցել Կոստանդնուպոլսի պատրիարքության եկեղեցիների ժամերգություններին: Նշվում է, որ դա պարտադրված որոշում էր, սակայն այլ եքլ չկար, քանի որ դա հետևանք է վերջին իրադարձությունների:

Երկու եկեղեցիների միջև կարճատև առճակատում է եղել 1996թ-ին՝ Էստոնիայում իրավասության մրցակության պատճառով, երբ ՌՈւԵ հայտարարեց շփումները դադարեցնելու մասին, սակայն, այն ժամանակ կողմերին հաջողվեց պայմանավորվել: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը, հարաբերությունների խզումը սկիզբ կդնի տևական դիմակայությանն ուղղափառ աշխարհում:

Սեպտեմբերի սկզբին Կոստանդնուպոլսի պատրիարքը իր էկզարխներին՝ ներկայացուցիչներին, նշանակեց Կիևում: Ըստ նրա, որոշումն ընդունվել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիա տրամադրելու նախապատրաստման շրջանակում: ՌՈւԵ Սուրբ Սինոդն իր վրդովմունքը հայտնեց Կոստանդնուպոլսի պատրիարքության որոշման վերաբերյալ: