Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը՝ խոսելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրության հետ կապված հարցերի մասին, նշել է․

«Մշակույթի նախարարությունը կազմակերպել էր քննարկումներ թատրոնի հոգսը թեթևացնելու համար, փորձել է օգնել ամեն ձև, որ մենք կարողանանք ընտրություն կատարել»։

Նա նշեց, որ իրենց թեկնածությունն էին ինքնաառաջադրել հինգ թեկնածու, լսումներից հետո մնացել էին երկուսը՝ Կարեն Ներսիսյանը (ՌԴ քաղաքացի) և Սուրեն Շահվերդյանը։ Թատրոնի տնօրենն ասաց, որ երկու թեկնածուի ծրագիրը մանրամասն կարդացել է, դիտել է հատվածներ ներկայացումներից։

Ներկայացնելով թեկնածուներին, Ֆ. Դավթյանն ասաց, որ Ս. Շահվերդյանին ծանոթ են բոլորը։ Նա տեղեկացրեց, որ Կարեն Ներսիսյանը սկսել է իր ստեղծագործական գործունեությունը հենց այս թատրոնից, բեմադրել է դիպլոմային ներկայացումները, այնուհետև մեկնել է ՌԴ, որտեղ տարբեր թատրոններում շուրջ 50 բեմադրություն ունի։

«Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնի այն ոճին, որին թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ։ Սուրեն Շահվերդյանը շատ հետաքրքիր ներկայացումներ ունի, հիմնականում պլաստիկ, շարժողական թատրոն է, կարելի է խաղացանկում ունենալ նման մեկ ներկայացում։ Երկուսի ծրագիրն էլ կարդացել եմ, ավելի հոգեհարազատ է Կարեն Ներսիսյանինը։ Նա նաև ունի գեղարվեստական ղեկավարի փորձ։ Որպես թատրոնի տնօրեն, իմ իրավասությունն է իմ հրամանով նշանակել գեղարվեստական ղեկավար։ Այսօր առավոտյան իմ որոշմամբ ստորագրել եմ հրաման՝ Կարեն Ներսիսյանին նշանակել թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019թ-ի վերջ»,- ասաց Ֆրեդ Դավթյանը։