Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվելու է յուրօրինակ համերգային ծրագիր: Տաղանդավոր երաժիշտներ՝ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը ներկայացնելու են Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանին։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

1970թ-ից Ռիգայում բնակվող Րաֆֆի Խարաջանյանը դաշնակահարների մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի նախագահ է։ Ծավալում է մանկավարժական և համերգային գործունեություն։ Ելույթ է ունենում հայտնի դիրիժորների և նվագախմբերի հետ, տարբեր փառատոների շրջանակներում։ Րաֆֆի Խարաջանյանը հեղինակել է «Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները» աշխատությունը։ Արժանացել է Լատվիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ նա «Երեք աստղ» շքանշանի ասպետ է։

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։